էթիկա

Հանդեսի խմբագրությունը առաջնորդվում է գիտական աշխատանքների հեղինակային իրավունքի պահպանման ՀՀ և միջազգային ընդունված չափանիշներով (հմմտ. http://publicationethics.org/resources/international-standards): 

Հանդեսի խմբագրությունն ամեն ինչ անում է գիտական էթիկան և որակը պահպանելու համար, սակայն պատասխանատվություն չի կրում հրապարակվող նյութերի (տեքստ, լուսանկար, գծանկար, աղյուսակ, ևն) իրավունքների ու արտահայտված մտքերի/տեսակետների համար. այդ մասին հոգում և պատասխանատվություն են կրում հեղինակները: 

Հանդեսը խրախուսում է այն հոդվածները, որոնք պահպանում են գիտական էթիկայի կանոնները՝ հղելով հրատարակված և չհրատարակված տեղեկատվական աղբյուրները և ունեն շնորհակալական բաժին: Խնդրում ենք որպես «Շնորհակալական» օգտագործել առաջին ծանոթագրությունը տողատակում (շնորհակալություն հայտնելով այլ մասնագետներին՝ հեղինակը ցույց է տալիս, որ մինչ հոդվածը խմբագրություն ուղարկելն այն կամ նրա առանձին հատվածները անցել են որոշակի ընթացք՝ ենթարկվելով բանավոր կամ գրավոր քննարկման): 

Խմբագրությունը պարտավորվում է հնարավորինս շուտ պատասխան տալ հոդվածագրին՝ հոդվածի ընդունման կամ մերժման մասին (շուրջ 30 օրվա ընթացքում): 

Հոդվածագիրը պարտավորվում է հոդվածը ներկայացնել՝ ըստ պահանջվող չափանիշերի: 

Խմբագրությունը պարտավորվում է պահպանել գրախոսի անվան գաղտնիությունը: 

Գրախոսը պարտավորվում է հայտնել անաչառ կարծիք՝ նշելով աշխատանքի առավելություններն ու թերությունները, հեղինակի կողմից հաշվի չառնված գրականության միավորները: 

Գրախոսություններն արվում են խմբագրության կողմից տրամադրված հատուկ ձևի վրա. դրանք պետք է լինեն տպված և ստորագրված (գրախոսության բանավոր, հոդվածի տեքստի վրա նշումով տարբերակները վավեր չեն):

Քանի որ գրախոսի աշխատանքը չի վճարվում, խմբագրությունը փոխհատուցում է գրախոսին՝ նրա կողմից ներկայացված աշխատանքը (իհարկե համապատասխան գործընթացն անցնելուց հետո) արտահերթ տպագրելով:

Հրապարակման մասին որոշումն ընդունվում է գլխավոր խմբագրի կողմից՝ գրախոսության և հոդվածի առանձին հետազոտության հիման վրա և խմբագրական խորհրդի հետ համաձայնեցնելուց հետո: 

Հոդվածի տպագրությունից առաջ հեղինակը ծանոթանում է խմբագրված տեքստին (անձամբ այցելելով խմբագրություն կամ ընթերցելով հոդվածի պդֆ տարբերակը) և տալիս է իր համաձայնությունը: